«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) մինչեւ տարեվերջ կավարտի Սիսիան քաղաքի հեռախոսային ցանցի եւ ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքները: Աշխատանքները ներառում են քաղաքային ցանցի կապիտալ նորոգումը եւ վերակառուցումը, ինչպես նաեւ քաղաքային հեռախոսակապի բոլոր հաճախորդների վերամիացումը նոր թվային գծերին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիսիան քաղաքի «ԱրմենՏել» ընկերության քաղաքային ցանցի հեռախոսահամարները կդառնան հինգանիշ` գործող քառանիշ համարների առջեւ կավելանա «2» թիվը: Սիսիան քաղաքի կոդը կդառնա եռանիշ (283), նախկին քառանիշի (2830) փոխարեն:
Նշենք, որ թվային կայաններին արդեն իսկ միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը ամբողջ Հայաստանում, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ-ն:




























