ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
լրացնել տրամադրվող ուսումնական նյութերի ստացման հայտը,
ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղված պաշտոնական գրություն՝ դիմում, ուսումնական նյութեր ստանալու վերաբերյալ (դիմող կառույցի ձևաթղթով, ստորագրված և, հնարավորության դեպքում, նաև կնքված),
պահանջվող յուրաքանչյուր ուսումնական նյութի «Քանակ» սյունյակում անհրաժեշտ է լրացնել տվյալ ուսումնական նյութի անհրաժեշտ քանակը (կից՝ excel ֆայլ):
Եթե կան ուսումնական նյութեր, որոնք ցանկում ներառված չեն, սակայն կրթօջախները ցանկանում են ստանալ, ապա կարող են դրանք ավելացնել ցանկի «Լրացուցիչ նյութեր» սյունյակի ներքևում:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2025 թ. ապրիլի 10-ը ներառյալ:
Միաժամանակ հայտնում ենք, որ գործում է նաև սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականության էլեկտրոնային պաշարների հարթակը՝ https://lib.armedu.am/, որտեղ առկա են մի շարք դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ ներբեռնման հնարավորությամբ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին (պատասխանատու աշխատակից՝ Ռուզաննա Համբարձումյան, հեռ. +374(10)-599-647)։





























