ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իրեն բոլորովին չեն անհանգստացնում «Ծովային անվտանգության գոտի - 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերը։

Նախագահի ինքնաթիռում, որը կիրակի Ֆլորիդայի նահանգից վերադառնում էր Վաշինգտոն, լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք անհանգստանում է այդ համատեղ զորավարժությունների հետ կապված։ «Ոչ բոլորովին»,- պատասխանել է պետության ղեկավարը։

Երբ խնդրել են բացատրել իր պատասխանը, նա նշել է. «Որովհետեւ մենք նրանց բոլորից ուժեղ ենք։ Մենք ավելի մեծ հզորություն ունենք, քան նրանք բոլորը։ Ես վերականգնել եմ [ամերիկյան] զինված ուժերը: Ցավոք, [ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո] Բայդենը ոչինչ չի արել այդ հարցում, բայց ես վերականգնել եմ զինված ուժերը»:

«Անվտանգության միջազգային գոտի – 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունները, որոնք կազմակերպել է իրանական կողմը, անցկացվում են յոթերորդ անգամ։