Այսօր մենք ոչ միայն ունենք այս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված Հայաստանի Հանրապետության կենսունակության հարց, ունենք նաև մեր համայնքների կենսունակության հարց։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Այսօր ամեն ինչ արել են սփյուռքը պառակտելու ուղղությամբ, դասական, ավանդական կառույցները փլուզելու ուղղությամբ, որ իբրև թե ավելի զարգացնեն Սփյուռքը։ Հիշում եք, չէ՞, երբ իրենք եկան, առաջին բան, որ ասում էին, ասում էին՝ մինչև հիմա դասական պատկերացումը եղել է այն, որ մենք պետք է զբաղվենք սփյուռքում հայապահպանության խնդրով։ Դա շատ քիչ խնդիր է, փոքր ծավալի խնդիր է, մենք պետք է հայկական սփյուռքի զարգացման մասին խոսենք, ոչ թե պահպանման մասին։
Պարզ դարձավ, որ այս իշխանությունները, երբ որ խոսում են զարգացման մասին, իրականում այն, ինչ որ կա, քանդելու մասին են խոսում։ Այդպես եղավ թե՛ Հայաստանի պարագան, թե՛ Արցախի պարագան: Հիմա նույնը իրենք սփյուռքում են այդ գործը կատարել՝ գեղեցիկ հնչեղ ինչ-որ հայտարարությունների տակ քողարկելով իրենց կազմալուծման, քանդման քաղաքականությունը։ Եվ սա այսօր իրականություն է դարձել:
30-ից ավել երկրներ ներկայացված են եղել ՀՅԴ ընդհանուր ժողովում և նաև շրջան առ շրջան քննարկվել է նաև շրջաններում եղած իրավիճակը, սփյուռքի ընդհանրապես կացությունը և այսօրվա այն մարտահրավերները, որ մեր համայնքների առջև կանգնած են»,- ընդգծեց Ռուստամյանը»

























