Պետք է հստակ ժողովրդին ասել, որ իրական Հայաստանի գոյության երաշխավորը Թուրքիան է և Ադրբեջանը. եթե մեկը դրանում կասկածում է, նշանակում է՝ լավ չի պատկերացնում, ինչ է կատարվում, կամ չի լսում ինչ է տեղի ունենում Փաշինյան-Ալիև-Էրդողան այյս եռանկյունու մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Եթե մեր ասածները, եթե չեն ընդունում, թող իրենք վերլուծեն, այս ինչի՞ են այսպիսի հայտարարություններ կատարվում Ադրբեջանից ու Թուրքիայից, նույն բանը կրկնում է այս մարդը այստեղ։ Ամենավերջինը Մինսկի խմբի լուսարման պրոցեսն է: Մինսկի խումբը ինչի՞ են ուզում լուծարել, որպեսզի փակեն ընդհանրապես Արցախի էջը:
Մարդը ասում էր տանք Արցախը, փրկենք Հայաստանը: Բա ինչի՞ չփրկվեց Հայաստանը, ոչ միայն Հայաստանը չփրկվեց, հիմա Սյունիքն է վտանգված: Հիմա Սյունիքն էլ տանք, որ փրկենք Երևա՞նը»,-ասաց նա:
Ռուստամյանը նկատեց, որ հիմա շատացել է այն մարդկանց թիվը, որոնք համարում են, որ սխալ են արել, որ ժամանակին ընտրել են Նիկոլ Փաշինյանին. «Իմ հարևաններից, գիտեմ, Նիկոլին են ձայն տվել, հիմա ասում է՝ այդ օրը ձեռս կտրվեր, ոտս ջարդվեր, չգնայի, չընտրեի։
Հիմա մենք մեր ձևով դա անելու ենք, որպեսզի ավելի պարզ հասկացվի այս քաղաքականության կործանարարությունը իր ամբողջ էությամբ։ Ինքն եկավ, իբր թե եկավ մերժեց Սերժին, բայց մերժեց ամբողջ մեր անցյալը, մեր ամբողջ հաղթանակը, որը մենք ձեռք էինք բերել: Մերժում են մեր ինքնությունը, մերժում են մեր պատմությունը»,- ընդգծեց ՀՅԴ գբյուրոյի ներկայացուցիչը:
Հարցին՝ խոստանո՞ւմ եք, որ գոնե այս անգամ ընդդիմության պայքարը կավարտվի հաղթանակով, նա պատասխանեց. «Ես խոստանում եմ, որ մենք ամեն ինչ կանենք լինելով զինվորը, լինելով ծառան այս գործընթացի, բայց նաև պատրաստ լինելով առաջին հարվածները մեր վրա ընդունել և առաջին դիրքերով գնալ այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Երեք շարժումները չեն հաջողել, նպատակին հասնելու իմաստով, բայց ոչ ոք չի կարող մեղադրել ՀՅԴ-ին, որ ամեն ինչ չի ներդրել այդ շարժմանը։ Մենք ամեն ինչ արել ենք և շարունակելու ենք անել, մեզ պետք է պարզապես այս գիտակցությամբ մեր շարքերը ընդլայնել, Ես չեմ ասում բոլորը դառնան դաշնակցական, դառնան գոնե այս գաղափարը կիսող»:





























