Մենք արձագանքել ենք Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարությանը, մեր հանձնաժողովը իր հնարավորությունները և իր լիազորությունները օգտագործում է, որպեսզի մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրի այս կեղծ իրողության վրա և ոչ միայն պարզապես ուշադրություն հրավիրի, այլ նաև գործուն քայլեր ձեռնարկի։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Մեր աշխատանքները երբեք չեն դադարել և երբեք չեն նվազել, այլ հակառակը, մենք մեր հնարավորություններն օգտագործում ենք, որ կարողանանք այս խնդիրը լուծել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ լուռ են գործում գերիների վերադարձի ուղղությամբ, սակայն արդյունք չկա, գուցե ճիշտ կլինի բարձրաձա՞յն գործել, Բաքոյանն ասաց. «Դրա մեջ սադրանք կա: Կարծում եմ՝ ոչ թե պետք է աշխատանքը արվի՝ ամբողջ բովանդակությունը հայտնի դարձնելով հասարակությանը, այլ աշխատանք, որի արդյունքում կարողացել ենք անմիջապես բանակցելով 32 գերիներ վերադարձնել: Հետևաբար այն թեզը, որ դուք առաջ եք բերում, սին է»:
Հարցին՝ Հայաստանի իշխանությունը այդպես որևէ խնդիր չի տեսնո՞ւմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է Հայաստան վերադառնալ, քանի որ կա տեսակե, որ իշխանություններին ձեռնտու է, որ նրանք Բաքվում են, քանի որ Բաքվից իշխանափոխություն չեն կարող անել, Բաքոյանը պատասխանեց. «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր պիտի տեսնի։ Դուք խնդի՞ր եք տեսնում։ Սուք նորից հարց այս հարցերով փորձում եք սադրել, որովհետև այդ ուղղությամբ աշխատանքները իրականացվում են և չեն դադարել: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր գերիները վերադարձվեն Հայաստան՝ առանց բացառության։ Իհարկե, ես հասկանում եմ այս թեզերը որտեղից են գալիս և ինչի համար են նման հայտարարություններ արվում, բայց ուզում եմ ասել, որ որևէ մեկնաբանություն, որևէ հայտարարություն և որևէ իրավիճակի ստեղծում չի ազդելու մեր աշխատանքի վրա, որպեսզի մենք վերադարձնենք մեր բոլոր գերիներին Բաքվից»:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարությանը, թե Հայաստանը պետք է իրենց հանձնի այն մարդկանց, որոնք Արցախյան պատերազմի մասնակից են եղել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ ցանկացած հայտարարություն ինչ որ մյուս կողմից տեղի է ունենում, դրան համարժեք հայտարարություններ կամ պատասխաններ տրվում են մեր ԱԳՆ գործընկերների կողմից»:











