Ձեր մեյլը Rambler.ru դոմեյնում է, միգուցե չեք տեսել բայց մի շարք հետազոտություններ և հետաքննություններ կան որոնք վկայում են որ Rambler.ru, mail.ru դոմեյններում գրանցված մեյլերին ռուսական հատուկ ծառայությունները հանգիստ հասանելիություն ունեն. Չեք վախենո՞ւմ, որ եթե ռուսական հատուկ ծառայությունները, որևիցե օտարերկրյա հատուկ ծառայություն ձեր մեյլի ամբողջ պարունակությանը հասանելիություն ունի, դա կարող է ձեր վրա որպես ճնշման գործիք օգտագործվել օտար պետության կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը նման հարց ուղղեց թեկնածուներից փաստաբան Կարեն Բատիկյանին, որը նախկին դատախազ է:
Ի պատասխան Բատիկյանն ասաց. «Ճիշտն ասած, ինձ ևս մի քանի անձինք, որոնք ավելի են տիրապետում տեխնիկական լուծումներին, զգուշացել են, առաջինը, ոչ թե ձեր ներկայացրած հանգամանքները, որ հնարավոր են ինչ-որ անվտանգային հարցեր դրանով լուծվեն, ուրիշ անձանց վերաբերյալ, առաջինը զգուշացրել եմ, որ ինքը լավ չի աշխատում ուղղակի և պետք է փոխել այդ էլեկտրոնային փոստը և տեղակայումը։
Ճիշտն ասած, դա իմ կարծիքով շատ հեշտ է լուծել, որովհետև ես ընդամենը մի էլեկտրոնային փոստը փակելուց հետո, կարող եմ բացել մյուս փոստը։ Այդքան, այդ հարցի շուրջ չեմ, այսպես ասած, մթորել կամ խորացել, բայց որևէ անգամ, այսքան տարիների ընթացքում որևէ անգամ երբեք չեմ առնչվել ձեր բարձրաձայնած խնդրին»:
Իոաննիսյանը եւս մեկ հարց ուներ. « Պարոն Բատիկյան, դուք փաստաբան եք և հիմնականում քրեական վարույթներով: Մեզ կասե՞ք՝ ունե՞ք պաշտպանյալներ, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի շրջանակում, օրինակ մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակ ունեն»:
Բատիկյանն արձագանքեց. «Բնականաբար զբաղվում եմ քրեական գործերով, բայց ես գործերը ընտրովի եմ վերցնում, ոչ թե կապված նյութական վարձատրության հետ, այլ առաջին հերթին գործը ինձ համար պետք է իրավաբանական հետաքրքրություն ունենա։ Երկրորդ, պետք է ես այդ անձի հետ կարողանամ աշխատել, որովհետև մի բան է պետական համակարգում շփվել քաղաքացիների հետ, մյուս բանը, որ մասնավոր ոլորտում ես շփվում։ Կան նաև իհարկե որոշակի հանցատեսակներ, որոնցով ես ընդհանրապես չեմ զբաղվում, կամ եթե զբաղվել եմ, կեսից հետ եմ քաշվել։ Դրանք թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերող քրեական գործերն են։
Ինչ վերաբերում է ձեր հարցադրման մեջ ներկայացված հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործեր ունենալու մեղադրյալի պաշտպանությանը, իհարկե ունեցել եմ, ունեցել եմ սկսած 2018 թվականից, ունեցել եմ նաև անցած տարի, Այս պահին չունեմ»:





























