Հակակոռուպցիոն կոմիտեն իմ բարեվարքությունն էր ստուգում, իմ ընտանիքի անդամն ընդամենը վարչական զանցանք էր կատարել. ես իհարկե չեմ խրախուսում, չեմ արդարացնում, բայց ամեն դեպքում հավաստիացնում եմ, որ շատ շուտով որդիս կունենա վարորդական վկայական: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց հակակոռուպցիոն կոմիտեի անդամի թեկնածու Կարեն Բատիկյանը՝ անդրադառնալով նրան, որ որդին չունենալով վարորդական վկայական, մեքենա է վարել:

Դիտարկմանը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական բարեվարքություն է տվել թեկնածուներից երկուսին, որից մեկն ինքն է, արդյոք հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն է, Կարեն Բատիկյանն ասաց. «Իմ կարծիքով համապարփակ և պատշաճ ուսումնասիրություն չի կատարվել, քանի որ ժամանակահատվածի մի ընդհանուր բաժին՝ 2022 թվականի գույքի վերաբերյալ վերլուծությունները բացակայում են ընդհանրապես։ Ես փաստաթղթեր եմ ներկայացրել այդ հարցերի կապակցությամբ։

Եթե ինձ տրվեր կոնկրետ հարցադրում և կոնկրետ ժամանակահատված, միգուցե ես ավելի փաստարկված պատասխանեի: Կարելի է ասել՝ ոտքի վրա եմ պատասխանել»:

Հարցին՝ այդտեղ միտո՞ւմ տեսնո՞ւմ է, Բատիկյանը պատասխանեց. «Եթե միտում տեսնեմ, ուրեմն ինչ-որ մեկին պիտի ինչ-որ մի բանի մեջ մեղադրեմ։ Միտումը չի կարող լինել մենակ դիտավորության տեսքով, կարող է լինել ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Համենայնդեպս ունենք նման եզրակացություն և իմ կարծիքով եզրակացության մեջ նշված հանգամանքները չէին բերում այն մտքին, որ ինձ կարելի էր տալ դրական եզրակացություն:

Ես լրատվամիջոցներից եմ տեղեկացրել, որ բացասական եզրակացություն է եկել: Երբ ստացա մի քանի օր առաջ բարեվարքության եզրակացությունը և ուսումնասիրելով իջնում է ներքև, տպավորություն այնպիսին է, որ պիտի տեսնեմ, որ գրված է դրական եզրակացություն, բայց եկա ու ի զարմանս ինձ տեսա, որ բացասական եզրակացություն է, որովհետև մի քանի տեղեր կարևորագույն տեղերում արձանագրել էին, որ սա ճիշտ է, սա արժանավատ է և այլն»: