Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին: Գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների կառուցման, ճանապարհների նորոգման ու բակերի ասֆալտապատման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Փարաքար համայնքին հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերի հարցում:
Որպես համատեղ նախագծի իրականացում՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը կարևորել է Երևանի փորձը կանաչ գոտիների ստեղծման գործում: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը պատրաստ է տրամադրել արժեքավոր և հասուն ծառատեսակներ, ինչպես նաև ցուցաբերել մասնագիտական օգնություն՝ տվյալ աշխատանքները կատարելու համար:
Նշենք, որ մարտի 30-ին Փարաքար համայնքում կայանալու են ավագանու ընտրություններ, համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածուն հենց Լյուդվիգ Գյուլնազարյանն է:





























