Ես սովոր չեմ և կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այն ամենը, ինչի վերաբերյալ չունեմ հավաստի և ամբողջական տեղեկատվություն։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց կոմիտեի անդամի թեկնածու Արտաշես Մայիլյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ երկրի առաջին դեմքը իր ուժային կառույցի ղեկավարին SMS-ով աշխատանքից հեռանում է:

«Ես չեմ կարծում, որ այն ինչը որ հրապարակվել է, ամբողջական է, սա իմ անձնական կարծիքն է:  Առհասարակ այն, ինչի վերաբերյալ ես չունեմ սպառիչ տեղեկատվություն և այն դեպքում,  երբ ես հնարավորություն չունեմ լսելու այդ իրադարձություններին մասնակցած անձանց, ես առհասարակ ձեռնպահ եմ մնում դրա վերաբերյալ որևէ գնահատական տալուց։ Դուք հարցրեցիք՝ ես ունեմ մտավախություն, որ նույնը ինձ հետ կլինի, ես ձեզ կարճ և հստակ և շատ հաստատական պատասխանում եմ՝ ոչ»,-ասաց նա:

Հարցին՝ տեղյա՞կ է, թե ինչու Սասուն Խաչատրյանին հորդորեցին հրաժարական տակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից, Մայիլյանը պատասխանեց. «Ինչ որեւէ պատճառ՝ իրական կամ ոչ իրական, հայտնի չէ»:

Նա նշեց, որ ամենադրական սպասելիքներն ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ընտրող հանձնաժողովից. «Ես ներկայացրեցի հիմնավորումները և կարծում եմ՝ խորհուրդը վերջում կգնահատի, կհրապարակի և ըստ այդմ, հետևություններ կանենք»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի գործին, Մայիլյանն ասաց. «Այդ գործով իրականացվել է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն, եթե ես այդ նույն նախաքննությունը իրականացնելու լինեի հիմա, կանեի նույն գործողությունները, կգնայի նույն ուղղությամբ և վստահ եմ կունենայի այն նույն արդյունքը, որ ունեմ։ Իմ մոտեցումը, իմ դիրքորոշումը շատ հստակ, շատ սպառիչ է»:

Ես ընդամենը բարձրաձայնեցի իմ մտահոգությունը, որ երկրի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը դատարանում իրականացվել է երկար։ Սա իմ անձնական կարծիքն է»:

Ինչ վերաբերում է նրան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարեվարքության բացասական գնահատական է տվել իրեն, որն է դրա պատժառը, թեկնածուն նշեց. «Ընդամենը մի քրեական գործի հետ է կապված: Պատշաճ քրեադատավարական ընթացակարգեր են տեղի ունեցել, մարդիկ իրացրել են իրենց բողոքարկման իրավունքը: Խոշտանգման վերաբերյալ ես մինչև այսօր չեմ տեսել վարույթ, եթե կա, խնդրեմ ցույց տվեք այդ վարույթը: Եթե խոշտանգման վերաբերյալ լիներ հավաստի տեղեկատվություն, ես իմ խոսքում էլ նշեցի, վճռաբեկ դատարանը չէր գրի առերևույթ, այսինքն ենթադրաբար: Եթե հիմա խոսում ենք ենթադրությունների մակարդակում, ենթադրաբար կարող է լինել ամեն ինչ, կարող է լինել խոշտանգում, կարող է ընդհանրապես չլինել խոշտանգում կամ որևէ այլ հանցակազմ»: