Ճապոնական Florian Busch Architects ընկերությունը պատվեր է ստացել կտրուկ մայրցամաքային կլիմայով շրջաններից մեկում ստեղծել անսովոր ընտանեկան տուն։

Տունը ստացել է «W» անվանումը, դիզայնը փոքր-ինչ հիշեցնում է փայտե ամբար, թեեւ մնացած ամեն ինչ բավական ժամանակակից տեսք ունի. տանիքի եւ պատերի մի մասը ծածկված է 56 արեւային մարտկոցով՝ 23 կՎտ ընդհանուր հզորությամբ, ինչն էներգաարդյունավետ դիզայնի հետ միասին ամբողջ տարվա ընթացքում առատ էլեկտրաէներգիա է մատակարարում տանը, հայտնել է «Տեխկուլտը»։

Էներգետիկ «գանձանակին» անհրաժեշտ է ավելացնել մոտակա ջրի աղբյուրին միացված ջերմային պոմպը, որը պատասխանատու է ջեռուցման եւ տաք ջրամատակարարման համար։

163 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով W-ն կառուցված է փայտից եւ բաղկացած է երկու մասից, որոնք միացված են ապակեպատ տարածքով, ինչը բացատրվում է բյուջետային սահմանափակումներով։ Առանձնատունը երկհարկանի է, ընդարձակ, բարձր առաստաղներով, բաց հատակագծմամբ եւ լավ լուսավորությամբ՝ շատ պատուհանների շնորհիվ։

Բոլոր սենյակները գտնվում են կենտրոնական ապակեպատ տարածքի շուրջ։ Լուսավորության կառավարումն ապահովվում է կարգավորվող շերտավարագույրներով, որոնք փակում են լույսը ամռանը եւ հնարավորինս բացվում ձմռանը արեւոտ օրերին՝ սենյակները տաքացնելու համար: