Արարատի մարզի Այգավան գյուղի գազալցակայանում մարտի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է:

NEWS.am-ի տեղեկություններով մահացածը 39-ամյա Հարութ Փայտյանն է, Այգավան գյուղից:

Առողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին. ««Այրվածքաբանությն ազգային կենտրոնի» բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքացու կյանքը փրկեն. անկախ գործադրված բոլոր ջանքերի ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել, քանի որ այրվածքների խորության աստիճանը շատ է եղել»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ գազալցակայանը պատկանում է Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին, ով «Ա/Ձ» տնօրեն է: