Արին Բերդ փողոցի վրա բազմաթիվ գործարարներ կան, 100-ից ավելի տնտեսվարողներ կան, մեծ ֆիրմաներ կան, նույնիսկ մաքսատուն է այստեղ, Իրանից եկող, ՌԴ-ից եկող բեռնատարները այստեղ են գալիս. այս փողոցը մեր դեմքն է: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արին բերդ փողոցի բնակիչներից մեկը: Նշենք, որ բնակիչները փակել են ճանապարհը՝ դրանով իրենց բողոքը հայտնելով փողոցի անմխիթար վիճակի դեմ: Խոսքը, ըստ նրանց, Արին Բերդի 6 հասցեից մինչև Արին բերդի 62 հասցեն է, Տեցի կռուգից սկսված:
«Այս ճանապարհը մեր դեմքն է, հիմա մենք մեր դեմքն ենք ցույց տալիս։ Մենք դիմել ենք քաղաքապետարան, թաղապետարան, վարչապետին էլ ենք դիմել 2024 թվականի դեկտեմբերին, դեռ ոչ մի պատասխան չունենք:
Շատ տնտեսվարողներ ճանապարհի պատճառով լքում են տարածքը, դուրս են գալիս։ Ճանապարհը մեծ նշանակություն ունի արտադրողների, արդյունաբերողների համար: Տնտեսվարողների մի մասը հրաժարվում է այս պայմաններում մնալ:
Ներմուծվող մեքենաները կանգնեցրեք ու վարորդներին հարցրեք. Մարդիկ 10 000 կիլոմետր ճանապարհ անցնում են, իսկ այստեղ մեկ կիլոմետրը երկու ժամ է տևում, մինչև մտնում են մաքսատուն»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցը նկատեց, որ շտապօգնության ու հրշեջ ծառայության մեքենաները չեն կարողանում փողոց մտնել. ««Մենք չպիտի ասենք, որ ճանապարհը վատն է, քաղաքապետարանը պիտի ներկայացնի: մի հատ սանիտարական վիճակը տեսեք: Գիշերային, լուսավորություն չկա»:











