Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը երկիրը ղեկավարել է 2016-2022թթ., մարտի 11-ին ձերբակալվել է Մանիլայի օդանավակայանում՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով Ֆիլիպինների իշխանությունների հայտարարությանը։

Դուտերտեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա ժամանել է Հոնկոնգից։ Ոստիկանությունը նրան կալանավորել է ՄՔԴ-ի որոշմամբ, որը հետաքննում է Դուտերտեին մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են «թմրանյութերի դեմ պայքարի» ժամանակ, նշել է նախագահ Ֆերդինանդ Մարկոսի գրասենյակը:

Ժամանելուն պես գլխավոր դատախազը նախկին նախագահին է հանձնել ՄՔԴ ծանուցումը մարդկության դեմ հանցագործությունների համար կալանքի օրդերի մասին:

Ձերբակալման օրդերում, որը ՄՔԴ-ն մարտի 7-ին ուղարկել է Ֆիլիպինների իշխանություններին, նշվել է, որ «կան խելամիտ հիմքեր կարծելու», որ նախկին նախագահի բռնաճնշումները «եղել են լայնածավալ եւ պարբերական», իսկ հարձակումների հետեւանքով, որոնք կատարվել են մի քանի տարիների ընթացքում, սպանվել են հազարավոր մարդիկ։ ՄՔԴ-ն խնդրել է ձերբակալել Դուտերտեին, որպեսզի ապահովի նրա ներկայությւոնը դատարանում, քանի որ նախկին նախագահը կարող է անտեսել ծանուցումը։

Ինչպես նշել է AP-ը, կալանավորման ընթացքում Դուտերտեին թույլ չեն տվել տեսակցել փաստաբաններին, օգնականներին եւ բժիշկներին։ Դուտերտեի մերձավոր դաշնակից, սենատոր Բոնգ Գոն ասել է, որ իշխանությունները խախտել են նախկին նախագահի սահմանադրական իրավունքները:

Առայժմ պարզ չէ, թե որտեղ է պահվում Դուտերտեն ձերբակալումից հետո, եւ երբ նրան կտեղափոխեն Եվրոպա ՄՔԴ-ին հանձնելու համար։ Ֆիլիպինների իշխանությունները նշել են, որ 79-ամյա Ռոդրիգո Դուտերտեն լավ առողջական վիճակում է։