Իրանը Սիրիայի անցումային կառավարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Սիրիայի ափամերձ նահանգներում խաղաղ բնակիչների սպանություններին մասնակից անձանց։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին։

«Սիրիայի ափամերձ նահանգներում բռնությունների և անմեղ մարդկանց սպանությունների մասշտաբները ցնցող են։ Մենք դատապարտում ենք սիրիական հասարակության տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչ անմեղ մարդկանց սպանությունները: Այս հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Շեյբանին X-ում։

«[Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի ժողովուրդը և համաշխարհային հանրությունը ակնկալում են վճռական գործողություններ Սիրիայի ժամանակավոր կառավարությունից՝ դադարեցնելու բռնությունը, քրեական պատասխանատվության ենթարկելու և այդ գործողությունների մեղավորներին պատժելու համար», - հավելել է դիվանագետը։

Նրա խոսքով, «Իրանը միշտ եղել է Սիրիայի կայունության, հանգստության և տարածքային ամբողջականության կողմնակիցը»։ Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչը, Իսրայելը և «ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները կարող են օգտվել Սիրիայում անկայունությունից, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության սպառնալիքի»։