Պակիստանի անվտանգության ուժերն ազատել են գրոհայինների կողմից առեւանգված գնացքի առնվազն 155 ուղեւորի եւ սպանել մոտ 30 ծայրահեղականների։ Այս մասին հայտնել է Geo հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Ուժայինները շարունակում են մնացած ուղեւորներին ազատելու գործողությունը, որոնք զինյալների հարձակման պահին կարող էին լինել 450 հոգի։ Հարձակմանը մասնակցած ծայրահեղականների ստույգ թիվը հայտնի չէ։ Հաղորդվել է նաեւ, որ ազատ արձակված 17 պատանդ հոսպիտալացվել է «անհետաձգելի բժշկական օգնության» համար։ Նրանց վնասվածքների բնույթը չի նշվում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողները գնացքը քշել են դեպի հեռավոր շրջան՝ Աֆղանստանի եւ Իրանի սահմանի մոտ։ Պատանդներին ազատելու հատուկ գործողության մեկնարկից հետո զինյալները բաժանվել են փոքր խմբերի։ Ուժային կառույցներում հեռուստաալիքի ունեցած աղբյուրները նշել են, որ ծայրահեղականներն օգտագործել են արբանյակային հեռախոսներ եւ կապ են պահպանել հարձակման ենթադրյալ կազմակերպիչների հետ, որոնք գտնվում են Աֆղանստանում։ Գործողությունը բարդանում է նրանով, որ գրոհայինները պատանդներին օգտագործում են որպես կենդանի վահան, հաղորդել է հեռուստաալիքը։
Երեքշաբթի «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղեւորների, որոնք գնում էին Քվետա քաղաքից (Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն) Փեշավար քաղաք (Հայբեր Փահթունհվա նահանգի վարչական կենտրոն): Ծայրահեղականները պայթեցրել են երկաթգիծը, իսկ հետո կրակ բացել գնացքի վրա։ Վիրավորվել է վագոնավարը։ Հարձակման ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն գնացքի անվտանգության ծառայության աշխատակիցների եւ զինյալների միջեւ։





























