Չիկագոյից Նյու Դելի չվերթն իրականացնող Air India-ն անցյալ չորեքշաբթի ստիպված է եղել վերադառնալ մեկնման կետ՝ ինքնաթիռի մի քանի զուգարաններում խիստ խցանումների պատճառով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ավիաընկերությանը:

Նշվում է, որ մի քանի զուգարաններում հայտնաբերվել են կտորներ, հագուստ և պոլիէթիլենային տոպրակներ։

Air India-ի AI126 չվերթի շրջադարձը թռիչքից հինգ ժամ անց հաստատել է թռիչքների հետագծման FlightAware կայքը:

Անձնակազմին նախ տեղեկացրել են, որ թռիչքից մեկ ժամ 45 րոպե անց որոշ զուգարաններ չեն աշխատում: Ավելի ուշ պարզվել է, որ 12 զուգարաններից ութը «ոչ ֆունկցիոնալ» են՝ «անհանգստություն պատճառելով ինքնաթիռում գտնվող բոլորին», CNN-ին ասել է Air India-ի ներկայացուցիչը:

Միջադեպի հետ կապված հետագա հետաքննությունը պարզել է, որ «պլաստմասսե տոպրակներ, կտորներ և հագուստ» և այլ իրեր թափվել են զուգարանների մեջ և խցանում առաջացրել:

Ամեն ինչ սկսել է լրջանալ, երբ Boeing 777-300ER-ը թռչում էր Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն եվրոպական օդանավակայաններում գիշերային թռիչքների սահմանափակումների պատճառով որոշում է կայացվել վերադառնալ Չիկագո։

FlightAware կայքի տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռի թռիչքի ընդհանուր ժամանակը կազմել է մոտ 10 ժամ, և որ այն շրջվել է Գրենլանդիայի վրայով:

Չիկագո ժամանելուց հետո ուղևորներին տրամադրվել են հյուրանոցային կացարաններ և թռիչքների այլընտրանքային երթուղիներ, հայտնել են ընկերությունից: