Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

«Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի Կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել է միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ ունեցած շփումների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկվել են Ալբանիայում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման մանրամասները։

Անդրադարձ է կատարվել Ալբանիայում փոքրաթիվ, սակայն կազմակերպված համայնքին, նշվել է, որ այն կամրջող դեր կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը մասնակցել է Ալբանիայում ՀՀ պատվո հյուպատոս Վարուժան Փիրինյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։