Հայաստանը եւ Նիդեռլանդները ստորագրել են Հռչակագիր ռազմավարական համագործակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է Նիդեռլանդների արտգործնախարարի Երեւան կատարած այցի շրջանակում։

Ինչպես համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, ներառում է քաղաքական եւ տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքների զարգացում, համագործակցություն կիբեռանվտանգության ոլորտում, ներառյալ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը, օրենքի գերակայությունը եւ, որ պակաս կարեւոր չէ, մարդկանց միջեւ շփումները։ Փաստաթուղթը կհրապարակվի։

Նշվել է նաեւ աջակցությունը Հարավային Կովկասում երկրների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքի եւ ուժի չկիրառման հիման վրա խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի խոսքով՝ փաստաթուղթը չի ենթադրում համագործակցություն ռազմական ոլորտում, հատկապես զենքի մատակարարում։ Ռազմավարական գործընկերությունն ուղղված չէ ոչ մեկի դեմ, ոչ Ադրբեջանի ու ոչ էլ Թուրքիայի դեմ, շտապել է ճշտել հոլանդացի նախարարը։

Նախարարի խոսքով՝ նման փաստաթղթի ստորագրումը Նիդեռլանդների համար նշանավոր իրադարձություն է, այն արտացոլում է ՀՀ-ի հանդեպ վերաբերմունքը։ Նախարարը նաեւ տեղեկացրել է Երեւանում շուտով դեսպանություն բացելու մասին։