Բելառուսը մահապատիժը կվերացնի, հենց որ դա անի «Ատլանտյանից այն կողմ գտնվող մեծ բարեկամը»: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 23-ին, մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` խոսելով  մահապատիժը վերացնելու Եվրամիության պահանջների մասին:

Նա հայտարարել է, որ մահապատժի կիրառումը որպես պատժամիջոց երկրում շարունակում է արդիական մնալ:  «Այսօր այդ պատժամիջոցի արդիականությունը, ըստ իս, չի նվազել: Մենք հանրաքվե ունենք: Ուզում եմ դա ես, թե չեմ ուզում, ինչ դիրքորոշում էլ ունենամ, օրենքն օրենք է», -  ասել է նա ու հավելել. «Այնտեղ, Ատլանտյան օվկիանոսից այն կողմ դուք շատ մեծ բարեկամ ունեք  (ԱՄՆ): Հենց որ նա վերացնի, մենք հաջորդը կլինենք»:

Իսկ հետո հստակեցրել է, որ դա ասում է ոչ թե նրա համար, որ Բելառուսը սպասում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, այլ այն բանի համար, որ երկակի ստանդարտներ են կիրառվում:  Եվ հիշեցրել է, որ մահապատիժ կա ՉԺՀ-ում, ինչպես նաեւ արաբական երկրներում: Բայց «եթե մեր երկրում մեծամասնությունը կողմ է մահապատժի վերացմանը, ես կենթարկվեմ ձեր որոշմանը»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: