Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ քննարկել երկկողմ տնտեսական հարաբերությունների օրակարգում առկա առաջնահերթությունները:
«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը սպասված էր, եւ այն բացառիկ հնարավորություն է մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար», - ասել է վարչապետ Սարգսյանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընթացքի կապակցությամբ եւ նշել, որ հայկական կողմը կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ նշել, որ ուրախ է մեր երկիր այցելելու համար:
Մասնավորապես, արծարծվել են Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի եւ նավթամթերքի խողովակաշարի ու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առնչվող մանրամասներ: Երկուստեք կարեւորվել է համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության եւ դեղագործության ոլորտներում:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ցուցանիշները վկայում են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններում աճի առկայության մասին, եւ կա ներուժ այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու համար:
Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացման հարցում որեւէ սահմանափակում չի տեսնում: Նշվել է, որ անհրաժեշտ է համապատասխան հանձնարարականներ տալ գերատեսչություններին առեւտրատնտեսական գործակցության ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:




























