Բուենոս Այրեսում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ թոշակների կրճատման։ Թոշակառուներին միացել են ֆուտբոլի երկրպագուները։ Առնվազն 150 ցուցարար բերման է ենթարկվել, հայտնել է El Cronista-ն՝ հղում կատարելով Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչին։
«Այսօրվա իրադարձություններն աննախադեպ լուրջ են։ «Երթին մասնակցողներից շատերն ուլտրասներ են, ձախակողմյան խմբավորումներ, կիրշներիստներ (քաղաքական շարժումներից մեկը՝ երկրի նախագահների եւ ամուսիններ Նեստոր եւ Քրիստինա Կիրշների անունով) ասոցիացիաների անդամներ, տարբեր մարդիկ, որոնք միավորվել են կառավարությունը տապալելու համար»,- ասել է նախարարը։
La Nacion-ի տվյալներով՝ ցուցարարներին խաղաղեցնելու համար ներգրավվել է մոտ 1 հազար իրավապահ։ Ցուցարարներն այրել են ոստիկանական մեքենան եւ մի քանի աղբամաններ։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։ Բուլրիչն ասել է, որ ցուցարարները ցանկանում են գրավել Կոնգրեսը:
La Nacion-ը գրել է, որ մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 87-ամյա թոշակառու, ինչպես նաեւ ոստիկաններ։ Նախարարն ասել է, որ վիրավորվել է 15 ոստիկան, ինչպես նաեւ լրագրողներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ տուժել է ինը քաղաքացի:
AP-ը նշել է, որ բողոքի ակցիաները դարձել են ամենամեծը նախագահ Խավիեր Միլեյի իշխանության օրոք։ Թոշակառուներն ամեն չորեքշաբթի հավաքվում են բողոքելու նրա քաղաքականության դեմ, սակայն այժմ նրանց միացել են նաեւ ֆուտբոլասերները։ Իշխանությունները զգուշացրել են, որ անկարգություններ կատարած երկրպագուները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
75-ամյա թոշակառու Խոսե Մոնտեսը գործակալության հետ զրույցում նշել է, որ ոչ մի նախագահի օրոք թոշակառուների կյանքն այնքան վատ չի եղել, որքան Միլեյի օրոք։ Ցածր կենսաթոշակները պետական ծախսերի կրճատման քաղաքականության հետեւանք են, որը նախագահը կիրառում է տնտեսությունը բարելավելու համար։ Իր շոկային մեթոդների համար նրան անվանում են «բենզասղոցով տնտեսագետ»։



























