Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն, հաշվի առնելով առերևույթ հատկանիշների առկայությունը, դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը, այս պահի դրությամբ արդեն դատախազության և քննչական մարմինների տիրույթում է հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հայտնի դեպքին, երբ Չարենցավանում ոստիկանության պետի տեղակալը այլ ծառայողների հետ ծեծի էր ենթարկել Արցախից բռնի տեղահանված քաղաքացուն:
«Երբ որ հանգուցալուծումը լինի, կվերադառնանք ծառայողական քննությանը»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ տարբեր համայնքներում, մասնավորապես, Չարենցավանում տելեգրամյան հարթակներով կանանց կեղծ մերկ լուսանկարներ են տարածում, դրանով շանտաժ են անում և գումար շորթում, նախարարն ասաց. «Իրականում թե շանտաժի առումով, թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով: Հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը ևս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները: Երբ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները, հավելվածները, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը:
Այստեղ խնդիրը կա, նաև կարողությունների խնդիր որոշակի առումով ունենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրավապհ համակարգը չի կարողանում նման շատտաժի դեմն առնել, Արփինե Սարգսյանն ասաց. «Շատ հաճախ հարցը ոչ միայն իրավապահ համակարգի կարողություններին է վերաբերում, այլ նաև հանցանքից տուժած անձի վարքագծին է վերաբերում, որովհետև կան որոշակի խումբ հանցանքներ, որտեղ տուժածի վարքագիծը չափազանց կարևոր նշանակություն է ունենում հանցանքի վրա հասնելու հետ կապված: Շատ հաճախ, օրինակ, պայմանականորեն տարբեր համակարգչային հափշտակությունների թեմաներով կամ կիբերհանցագործության այլ դրվագների հիմքերով, անձինք ընդամենը տարբեր հարթակներում լրացնում են իրենց անձնական տվյալները և սա բերում է կրկին հանցագործության իրականացմանը:
Հորդորս մեր քաղաքացիներին՝ հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում: Մենք սկսել ենք արդեն «Կիբերմարտահրավեր» հաղորդումների շարքը, որտեղ որ առանձին այս դրվագներին, որոնք ձեր նշած օրինակով շատ տարածված են, փորձում ենք դրանց անդրադառնալ և բացատրել մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է լինի իրենց վարքագիծը, որը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ այս իրավիճակներից:
Իսկ եթե զերծ մնալու տարբերակ որպես այդպիսին չի լինում, ընդորում վերջերը շատ հաճախ են այդպիսի դեպքեր լինում, արդեն պետք է դիմեն մեր մասնագիտացված ստորաբաժանմանը, որ կարողանանք հնարավորինս օժանդակել պրոցեսին»:











