Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մինչեւ Ամանոր կիրականացվի քաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում եւ այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել է անօթեւանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Բժիշկների կողմից իրականացվում է համալիր բուժզննություն: Առողջական խնդիրներ ունեցողներին կմատուցվեն բժշկական համապատասխան ծառայություններ:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշվառումից եւ խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաեւ անօթեւանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը:
«Գնահատելով խնդրի կարեւորությունն ու հաշվի առնելով վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ անդրադարձերը, մենք հուսով ենք, որ կառավարությունը կցուցաբերի համապատասխան աջակցություն եւ մեր գործընկերոջ`աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել ծրագրի շարունակականությունը»,-նշել է վարչության պետը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնության եւ այն կյանքի կոչելու համար` խնամքի տակ անցած անօթեւանները նշել են, որ հատկապես Ամանորից առաջ նման քայլի շնորհիվ իրենց համար սկսում է երկրորդ կյանք:



























