«Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մունաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմյանը:
«Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:
Դե մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ թաքցնելու բան չունեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»,–գրել է նա։
Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։





























