Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և սպասում ենք համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Դրա մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Համապարփակ և արդար համաձայնագիրը, անկասկած, կբարձրացնի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումն ամբողջ տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելու խաղաղ համաձայնագրի տեքստը։

Ըստ նրա՝ Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։

«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Բայրամովը Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի շրջանակում։

Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

«Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։