Միջազգային ասպարեզում Թուրքիայի հետ համագործակցության արդեն շատ կոնկրետ փաստեր ունենք. կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրինակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք համագործակցության շատ կոնկրետ օրինակ ունեցանք: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որը դուք բարձրացնում էիք կապված ապագայի հետ, այսօր արդեն իրողություն է։

Ինչ վերաբերում է երրորդ երկրներին, այդտեղ առանձնահատկությունն այն է, որ իհարկե այդ երրորդ երկրների ինքնիշխանությամբ մենք, բնականաբար, սահմանափակված ենք և երրորդ երկրների գործերին միջամտելու մասին բնականաբար չէ խոսքը: Բայց, իհարկե, մենք հետաքրքրված ենք, թե նույն Սիրիայի հարցում, որտեղից ցավոք, որոշ անհանգստացնող լուրեր նորից սկսեցին գալ, ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Նման խոսակցություն նույնպես կա Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ ծավալուն խոսակցություն չէ, բայց այնուամենայնիվ՝ այո, այդ օրակարգը կա:

Ակնհայտորեն, Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք: Ցավոք, վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների բերումով շատերը ստիպված եղան լքել Սիրիան: Բայց այսօր էլ հայ համայնք կա այնտեղ, և Լիբանանում էլ մենք հայ համայնք ունենք, և մենք ջանքեր գործադրում ենք, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել այդ երկրներում մեր համայնքների համար հնարավորինս լավ պայմաններ ապահովելու համար, այն, ինչ մեր հասանելիության տիրույթում է: Իսկ կոնկրետ դեպքում Թուրքիայի հետ այդ ուղղություններով աշխատելու՝ Սիրիայի հետ կապված, մենք ունեցել ենք կոնկրետ քննարկումներ և խոսակցություններ, և եթե ոչինչ չխանգարի, կունենանք նաև համագործակցության կոնկրետ դրսևորումներ»,-ասաց նա: