Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր` դեկտեմբերի 23-ին, բողոքի ցույց է կազմակերպվել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Այդ մասին հաղորդում է Qafqazinfo.az կայքը` նշելով, որ ցուցարարները հանդես էին գալիս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ: Այդպիսով, ադրբեջանցիները իրենց աջակցությունն են հայտնել Ֆրանսիայում եւ Թուրքիայում բողոքի ակցիաներով հանդես եկող թուրքերին: Ադրբեջանական ոստիկանությունը չի միջամտել Բաքվում տեղի ունեցած ակցիային, գրում է կայքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նրան աջակցել են կառավարող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետների մեծ մասը: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը:

Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձեւակերպմամբ: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում ճանաչվել է երկու ցեղասպանություն` Հոլոքոսթը (1990թ. օրենք) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ. օրենք):