2024 թվականին վարչապետի հանձնարարականով թանկարժեք մետաղների մանրածախ 129 վաճառակետերում ստուգումներ ենք իրականացրել և առաջին եռամսկայում 26 տոկոս խախտումներ ենք հայտնաբերել հարգադրոշմի հետ կապված։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը՝ նշելով, որ վերջին եռամսյակում ընդամենը 2 տոկոսի դեպքում են խախտումներ հայտնաբերել, ինչը վկայում է այն մասին, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լաբորատորիաների աշխատանքը տվել է ցանկալի արդյունքը։

«Երբ հարգորոշողը մեկ հարգադրոշման համար 500 դրամ է գանձում և անհամապատասխանության դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկվում 1 մլն դրամի չափով, բնական է, որ կձգտի աշխատել առանց խախտումների»,–նշեց նա։

Արթուր Մկրտչյանը շեշտեց, որ այսուհետ ավելի շատ ստուգումներ են իրականացնելու բոլոր ոլորտներում, քանի որ սեփական լաբորատորիաներում իրականացվող փորձաքննությունները էապես թեթևացնում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ֆինանսական բեռն ու հնարավորություն տալիս ավելի հաճախակի ստուգումներ իրականացնել։

«2024 թվականին մենք մեր լաբորատորիայում ստուգել ենք բենզինի 133 նմուշ և ընդամենը 6–ի դեպքում ենք որակական խախտումներ հայտնաբերել, իսկ 2021 թվականին նմուշների մոտ 50 տոկոսում անհամապատասխանություն է եղել։ Ցուցանիշների նման տարբերությունը պայմանավորված է ոչ միայն սեփական լաբորատորիաների առկայությամբ, այլև օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ»,–նշեց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

Արթուր Մկրտչյանի խոսքով, 2024 թվականին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործիքակազմեր է կիրառել ԱԳԼՃԿ–երի, ավտոմոբիլային բենզին–դիզելային վառելիքի, խաղալիքների,  օծանելիքակոսմետիկական արտադրանքի, ծխախոտի և թանկարժեք մետաղների ոլորտներում։ 2025 թվականին վերահսկողական գործիքակազմեր են կիրառելու նույն ոլորտներում, բացառություն է կազմելու ոսկու և թանկարժեք մետաղների ոլորտը։

«Նախորդ տարի հեղուկ գազի ոլորտում ստուգումների արդյունքում արձանագրել ենք թերլիցքավորման 18 դեպք, 93 ստուգում ենք իրականացրել այդ ոլորտում։ 91 ստուգում ենք իրականացրել ԱԳԼՃԿ–ներում և արձանագրել ենք թերլիցքզավորման 5 դեպք, 87 ստուգում ենք իրականցրել բենզին–դիզվառելիքային ոլորտում, ունեցել ենք թերլիցքավորման 8 դեպք»,–ասաց նա՝ նշելով, որ ավելացրել են նաև վարչական տուգանքների չափերը։