Խաղաղության համաձայնագրերը միշտ կնքվում են երկրների միջև, որոնք մինչ այդ վայրկյանը ունեցել են թշնամություն, պատերազմ, զոհեր և հետևաբար բարեկամների հետ խաղաղություն չեն կառուցում, բարեկամների հետ զարգացնում են հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր դեպքում ևս պարզ է, որ եղել է պատերազմ, եղել է տարիների թշնամանք երկու կողմից, և այստեղ ուզում եմ կարևոր երկրորդ դիտարկումը անել, որ ընդհանրապես որևէ խաղաղության համաձայնագիր, համենայնդեպս պատմությունից ինձ այդպես է հայտնի, ես այլ դեպք չեմ հիշում, միանգամից բոլոր հնարավոր հարցերի պատասխանները չի տալիս, միանգամից այդպես կախարդական փայտիքով երկու երկրներին և ժողովուրդներին բարեկամներ չի դարձնում, համագործակից չի դարձնում: Իհարկե լինում են բազմաթիվ հարցեր, այդ թվում զգայուն և գերզգայում, որոնք հետո պետք է քննարկվեն, կարգավորվեն, և մեր խաղաղության համաձայնագրի համաձայնեցված և ստորագրման պատրաստ տեքստը ևս այս առումով բացառություն չէ»,-ասաց նա:

Միրզոյանի խոսքով, այս համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք մենք և Ադրբեջանը համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք օգտագործել խնդիրները լուծելու և հարաբերությունները վերջնական կարգավորելու համար:

«Ես իհարկե, որոշակիորեն կաշկանդված եմ բառացիորեն մեջբերելու կամ բացելու համաձայնագրի տեքստը, բայց, մեծ հաշվով բովանդակությունը հայտնի է բոլորին և ուզում եմ ասել, որ համաձայնագրում նախատեսվում են մեխանիզմներ, որոնցով մենք կարող ենք շարունակել քննարկումները դեպի հարաբերությունների կարգավորում՞.-ասաց նա:

Միրզոյանը խոսեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռանկրի մասին՝ նշելով. «Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, համենայնդեպս, այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ, եթե ավելի ճշգրիտ նշենք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո, կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, արդեն փաստաթղթավորված հակամարտությունը մոտեցավ ավարտին, և այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։

Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։

Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- ասաց ԱԳ նախարարը:

Նա վստահեցնեց, որ համաձայնագրում համաձայնեցված, նախատեսված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո միայն: