Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի վերջին ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչո՞ւ են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տաք, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ես կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն մեր կողմից, այլ լուրջ խնդիրներ ենք տեսնում»,–ասաց նա:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից այս տարի իրականացվող ծրագրերին, Հայկ Կոստանյանը նշեց, որ հաջորդ շաբաթվանից Թումանյան փողոցում շարունակվելու են իրականացնել ծառերի փոխարինման ծրագիրը:

«Մասնագետների լայն շրջանակի կողմից կա այն դիրքորոշումը, որ կենսունակության ավարտին մոտ և իրենց ֆունկցիան չկատարող ծառերը պետք է փոխարինվեն։ Բայց մենք պարբերաբար ականատես ենք լինում մի տեսարանի, երբ պարբերաբար հայտարարում ենք, քննարկումներ ենք անում, ասում ենք, որ այս ծառերը պետք է փոխարինվեն, և շարունակ հայտնվում են մարդիկ, սկսում են խոսել ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից և մի շարք այլ գնահատականներ են տալիս»,–ասաց Կոստանյանը՝ նշելով, որ քաղաքացիների շրջանում թյուր կարծիք է ձևավորվում, թե քաղաքապետարանը վատ բան է անում։

Կոստանյանը նշեց, որ նախորդ տարի շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր են տնկվել մայրաքաղաքում։

«Նորքի երբեմնի այգիներում, շատ բարդ ռելիեֆում իրականացրինք ծառատունկ, և այդ բարդ ռելեֆիային պայմաններում նաև ոռոգման համակարգ ենք անցկացրել, որ հետագայում որևէ խնդիր չունենանք»,–հավելեց նա:

Հայկ Կոստանյանը նաև անդրադարձավ փոսային նորոգման աշխատանքներին, նշելով, որ աշխատանքներն այս տարի շուտ են մեկնարկել։

«Այդ աշխատանքների համար շուրջ 1 մլրդ դրամից ավել գումար է նախատեսված»,–ասաց նա: