«Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ–ն դեռևս 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին իրականացրել է դիտորդական առաքելություն և բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրել։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին կայցած ասուլիս ժամանակ ասաց «Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ–ի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ նշելով, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ–ի հետ միասին մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններին մասնակցելու են անկախ դիտորդի կարգավիճակով՝ իրականացնելու ընտրական գործընթացի ամբողջական իրավական վերահսկողություն։
Գոհար Մելոյանը ներկայացրեց, թե 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինչ ընտրախախտումներ են արձանագրել։
«Տեխնիկական բնույթի խախտումներ՝ թեքահարթակների բացակայությունը տեղամասային կենտրոններում, քվեատուփերի ստորին հատվածում տարբեր տրամաչափի անհասկանալի անցքեր, չհրկզիվող պահարանների բացակայություն։ Մեծաքանակ խախտումներ ենք արձանագրել քվեաթերթիկների տրման կարգի հետ կապված. ունեցել ենք իրավիճակ, երբ նույն ուժի կրկնակի քվեաթերթիկ է տրվել, մի շարք դեպքեր ենք արձանագրել, երբ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկներն առկա չեն եղել տրցակի մեջ։ Վարչական ռեսուրսի չարաշահման խախտումներ. ընտրատեղամասեր են եղել, որտեղ այցելել են համայնքի ղեկավարն ու աշխատակիցները, չնայած նրան, որ չունեին դրա իրավունքը»,–ասաց նա։
Գոհար Մելոյանի խոսքով, այդ ընտրախախտումներն արձանագրվել են շուրջ 20 ընտրատղամասերում, և եթե իրենց հասարակական կազմակերպությունը հնարավորություն ունենար հարյուրավոր ընտրատեղամասային կենտրոններում՝ հատկապես մարզերում ունենալ ներկայացվածություն, հնարավոր է՝ ելքային արդյունքներն էականորեն տարբերվեին։











