«Գյումրիում նախորդ ընտրությունների համեմատ շուրջ 3000–ով ավելացել է ընտրողների թիվը. այս պահին մենք մոնիթորինգ ենք անում ընտրելու իրավունք ունեցողների ցուցակները, ավելի ուշ կներկայացնենք, թե ինչ չարաշահումներ են առկա, իսկ դրանք առկա են»։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնող խմբի անդամ Արամ Պետրոսյանը։
«Ունենք դեպք, երբ կուսակցություններից մեկի ղեկավարը կիրակի օրը՝ օգտվելով պետական միջոցներից, կառավարության ամբողջ կազմով և ԱԺ–ի ներկայացուցիչներով գտնվել է Գյումրի համայնքում, ըստ էության իրականացրել է քարոզարշավ, և ոչ միայն ընտրական օրենսգրքի դրույթներ խախտել, այլև սուտ խոստումներ է տվել ընտրողներին։ Մասնավորապես, ասվում էր, որ ընտրությունների արդյունքում 300-350 մլն դրամ կվերադարձվի համայնքին, սակայն խոսքը գնում է ոչ թե Գլխավոր Դատախազի ընտրության, այլ ավագանու, որը երբևիցե նման լիազորություններով օժտված չի եղել»,–ասաց Արամ Պետրոսյանը։
Նրա խոսքով, այդ ամբողջ գործընթացը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ, ինչը նույնպես վարչական ռեսուրսի օգտագործում է։
«Քարոզարշավը չսկսած, ամբողջ գործընթացը մեկնաբանվել է հօգուտ թեկնածուներից մեկի, ինչը, մեր կարծիքով, առնվազն ռիսկ է պարունակում։ Գյումրի քաղաքն ամբողջությամբ ուսումնասիրել ենք, քաղաքն ամբողջությամբ հեղեղված է բազմաթիվ թեկնածուների պաստառներով, ինչին ևս անդրադառնալու ենք»,–հավելեց Արամ Պետրոսյանը։
Նշենք, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ–ների հետ համատեղ որոշել է մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններին մասնակցել անկախ դիտորդի կարգավիճակով։











