«Ես ԱՆԻՖ-ի մասին շատ դետալներ եւ մանրամասներ չգիտեմ, քանի որ դա ուղիղ կապ չունի Երեւանի քաղաքապետարանի հետ, հիմնադրամի ստեղծում, կառավարումը եւ այլն այդքան էլ կարեւոր չեն եղել ինձ համար»: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պատասխանելով դիտարկմանն այն մասին, որ «կա ընկալում, որ Տիգրան Ավինյանն այս կոռուպցիոն բուրգի գլխին է»։

«Բայց քանի որ ոչ միայն ԱՆԻՖ-ի, այլեւ Երեւանի քաղաքապետի անձի հետ կապված եւ շատ դեպքերում իր հետ կապ չունեցող, բայց իր նկարով ահասարսուռ վերնագրերի ենք հանդիպում, ես ինքս եմ առաջարկել, որպեսզի հասկանամ ԱՆԻՖ-ի պատմությունը եւ որոշակի պարզաբանումներ տամ մարդկանց համար, ովքեր միայն տարբեր հոդվածներ են կարդում»,–ասաց Հայկ Կոստանյանը՝ պարզաբանելով, թե ինչու էր վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել ԱՆԻՖ–ի մասին։

Հայկ Կոստանյանը նշեց, որ այս ընթացքում ծանոթացել է ԱՆԻՖ–ի պատմությանը և  ցանկանում է որոշակի փաստեր արձանագրել կազմակերպության գործունեության վերաբերյալ։

«ԱՆԻՖ–ն իր հիմնադրման օրվանից սկսած ստացել է մոտ 4.1 մլրդ դրամի պետական ֆինանսավորում և 5.5 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել պետությանը։ Կարծում եմ, որ դա խոսում է ոչ թե ձախողման և անարդյունավետության, այլ լրիվ այլ բանի մասին։ Դրանից բացի, ԱՆԻՖ–ը գրանցել է մի շարք հաջողություններ, օրինակ շուրջ 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրում է եղել, և մոտ 7 մլրդի չափի տեղական ներդրումներ, 900 մլն դրամի չափով էլ մասնավոր համաներդրումներ են եղել։ Ստեղծվել է մոտ 800 աշխատատեղ։ Ինչ–որ փուլում ղեկավար կազմում փոփոխություններ են եղել և եթե ուսումնասիրեք, պարզ կլինի՝ ինչ փոփոխություններից հետո է ԱՆԻՖ–ը լրիվ այլ ուղղությամբ գնացել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկ Կոստանյանը գրառում էր կատարել և հայտարարել, որ Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել  ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»–ը «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին» վերնագրով հոդված էր հրապարակել։