Ես ուզում եմ հիշեցնել ՀՅԴ-ի 004 շրջաբերականը. դա է ձեր տեսլականը, որ չլինի Հայաստանի Հանրապետություն, լինի գուբերնիա: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Թե այս անգամ այդ մեծ մետրոպոլիան ի՞նչ կորոշի կտրել Հայաստանից...»,- Միրզոյանը այս խոսք ընդհատեց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը եւ սկսեց մեղադրել իշխանություններին կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու մեջ: Աժիոտաժ սկսվեց, նրան արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Արարատ Միրզոյանը շարունակեց. «Տիկին Վարդանյան, անձամբ ձեզ ես ոչ մի բանի մեջ չեմ մեղադրում, որովհետեւ դուք անկեղծորեն հավատում եք, որ դուք ճիշտ եք: Ճիշտ է, դա սխալ է, բայց ձեր պոռթքումները անկեղծ են: Ցավոք սրտի ձեր այլ գործընկերների նկատմամբ չեմ կարող նույնը ասել, իրենք գիտեն, որ ճիշտը ես եմ, բայց իրենք ասում են այդ նույն նարատիվները այլ նկատառումներով:

Ես նորից եմ կրկնում, ձեր տեսլականը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ ինքնիշխան պիտի գոյություն չունենա։ Պիտի լինի գուբերնիա, ինչը մի անգամ արդեն արել եք 100 տարի առաջ, նորից ուզում եք նույնը անել: Դուք, որոշները ազնիվ մղումներով, բայց ես խորը կասկածներ ունեմ, թե էդ քաղաքական ուժը կամ որոշ քաղաքական ուժեր իրենց ծրագրեր ներկայացնելիս, իրենց առօրյա գործունեությամբ մեջ զբաղվում են և ելնում են Հայաստանի Հանրապետության շահերից, մտահոգ են ՀՀ ինքնիշխանության և անկախության համար։ Կառաջարկեի գլուխը բարձին դնելուց առաջ մի քիչ մտածել այս մասին, բայց ես այստեղ ինձ հատուկ լավատեսությունը չեմ կարող հայտնել, ցավոք: Դա անհույս գործ է»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց. «Ըստ էության, մի քաղաքական ուժի ներկայացուցիչ և խայտառակ դիվանագիտական պարտություններ արձանագրած ԱԳ նախարարը, անկախություն մերժելու մեջ դրժում է տեսնել մի քաղաքական ուժի, որը անկախություն է կերտել, և մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի 7-ամյա կենսագրությունը, հետագիծը աղետներով, հայրենազրկումով, ցեղասպանությամբ, բռնի տեղահանություններով, 5000 մեր որդիների արյամբ է շաղաղված, հանկարծ դուք ձեզ թույլ եք տալիս բարոյականության բոլոր կարմիր գծերը հատել և մեղադրել Դաշնակցությա՞նը:

Ես զարմանում եմ, որ ԱԳ նախարարը նաև Civic.am-ի պադվալներից է օգտվում, որտեղ ծնվել են Դաշնակցության կեղծ շրջաբերականները։ Անհարմար է, եթե դուք այդ պատրաստվածությամբ եք մտնում դիվանագիտական բանակցությունների մեջ, ուղղակի կարելի է կարեկցել Հայաստանին: Որևէ մեկը ձեզ թույլ չի տվել Դաշնակցությանը մեղադրել, թե իբր թե ՀՅԴ-ն դեմ է անկախությանը կամ պետականությանը:

Մի հատ նայեք ինչ հետագիծ եք թողել, թե ձեր պետականության օրոք 2018 թվականի ձեր որդեգրած զրո կետից հետո արյուն, հեղեղ, կորսված երկիր, կորսված Արցախի Հանրապետություն,  ցեղասպանություն, գերիներ: Նայում ես գերիների դատավարությանը, մեռնելդ գալիս է, որ դու այդ ժողովրդին ես պատկանում, ու հիմա բաց ճակատով եկել եք այս կամերաների առաջ, փորձում եք դաշնակցությանը մեղադրել, ուղղակի անհարմար է: Ես հասկանում եմ, որ բարոյականությունը և քաղաքականությունը իրարից այդքան հեռու են, բայց չի կարելի հանրահռչակել այդ մտքերը: Քնելուց առաջ մի հատ մտածեք, ինչ հետագիծ եք թողնում և պատմությունը ինչ է դաջելու ձեր ճակատին»:

ԱԳ նախարարն էլ արձագանքեց. «Իմ անկեղծությունը բաց է և անթաքույց, հիմա տեսնում եք, չեք տեսնում, ձեր պրոբլեմն է: Ես օգտվում եմ միայն մի պադվալից, դա ԱԳՆ-ի շենքի պադվալ-գարաժն է, ուրիշ պադվալներից ես չեմ օգտվում։

Մյուսը, Դաշնակցություն և անկախություն հարաբերությունների մասին։ Փառք Աստծո, ինֆորմացիան բաց է, նայեք Դաշնակցության դիրքավորումը անկախության շարժմանը 1988-1991 թվականներին: Ինձ մի լսեք, կարդացեք դաշնակցության հայտարարությունները։

Մյուսը, եթե այդքան խոսակցությունը ժամանակային առումով ընդլայնում ենք և օրինակ գնում ենք առաջին հանրապետություն, կրկին, ինձ մի լսեք, Սիմոն Վրացյանին չեք սիրում, մի կարդացեք Սիմոն Վրացյան, կարդացեք մյուսներին, Քաջազնունի կարդացեք, կարդացեք 1919-ի երկրորդ կեսից սկսած ՀՅԴ առաջնորդների դիրքորոշումները»:

ԱԳ նախարարը նշեց, որ այն արհավիրքը, որ տեղի է ունեցել, դրա սերմերը ցանվել են ամենասկզբում. «Դա բետոնվել է, ցեմենտվել է այն քաղաքականության շնորհիվ, որը վարվել է ձեր օրոք կամ ձերոնց օրոք: Ես նորից վերադառնում եմ խոսակցության այն կետին։ Սա այն հարցն է, որ պիտի վաղուց լուծված լիներ, լուծված լիներ ձերոնց կողմից, ձերոնց հաջորդների կողմից, մերոնց կողմից: Չի լուծվել, եղել է այն, ինչ որ եղել է, մենք համոզված ենք, որ սա է ճանապարհը, սա է լուծումը»,- իր խոսքն ամփոփեց Արարատ Միրզոյանը: