Թրամփը, ի տարբերություն Իսրայելի, չի ցանկանում պատերազմ Իրանի հետ, և դա մեծ նշանակություն ունի Սյունիքով անցնող միջանցքի հարցում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Միաժամանակ, նա վստահություն հայտնեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իշխանությունների շրջանում այս միջանցքի հարցում կոնսենսուս է ձեւավորվել վաղուց։

«Հայաստանում արդեն կա կոնսենսուս։ Հարցը միայն այն է, թե ինչպես կարելի է այս հարցը վաճառել, հատկապես Իրանին»,- նկատեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները կորոշեն, թե նրանցից ով է առաջին ջութակը նվագելու տարածաշրջանում և որը երկրորդ ջութակը (Իրանը, թե Թուրքիան):

«Միևնույն ժամանակ, հնարավոր ռազմական էսկալացիան պետք է երաշխիք ստանա արտաքին ուժերից, և եթե, ասենք, Ադրբեջանը որոշի գնալ նման քայլի, ապա այդ երաշխավորը կամ երաշխավորները հետո կպահանջեն մարել պարտքերը»,- ընդգծեց Ղևոնդյանը։

Նա բացառեց այն սցենարը, երբ Բաքուն կդիմի ռազմական էսկալացիայի՝ առանց արտաքին երաշխավորի։

«Եթե հանկարծ ռազմական գործողություններ լինեն Իրանի դեմ, ապա փախստականները կհեղեղեն Հայաստանը և Ադրբեջանը, և այդ ժամանակ միջանցքի հարցը կդառնա երկրորդական»,- հավելեց փորձագետը։