Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջանի ընթացքում հաստատել է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգը:

Ինչպես հաղորդում է  «Նովոստի Գրուզիան»,  հայեցակարգին կողմ է քվեարկել  խորհրդարանում ներկա 150 պատգամավորներից 111-ը:

«Վրաստանը երկրորդ անգամ է Ազգային անվտանգության հայեցակարգ հրապարակում,  որն արտացոլում է երկրում կատարված փոփոխություններն առաջին փաստաթղթի ընդունման պահից, եւ դրանց ազդեցությունը ազգային անվտանգության առջեւ ծառացած մարտահրավերների, վտանգների եւ ռիսկերի վրա»,-նշվում է հայեցակարգի նախաբանում: Առաջին փաստաթուղթն ընդունվել էր 2005 թ. հուլիսին:

Նոր` 42 էջանոց հայեցակարգը  բաղկացած է  5 գլխից:  Առաջին գլուխը նվիրված է անվտանգության հարցերին, երկրորդը վերաբերում է Վրաստանի ազգային արժեքներին,  երրորդն արտացոլում է ազգային շահերը, չորրորդը նվիրված է ռիսկերին, իսկ հինգերորդում խոսվում  է «Վրաստանի անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին»:

Նշենք, որ փաստաթղթում գլխավոր սպառնալիքների  եւ մարտահրավերների թվում  նշվում է Ռուսաստանի կողմից «Վրաստանի տարածքների օկուպացիան», «Ռուսաստանի կողմից նոր ռազմական ագրեսիայի ռիսկը»,  ինչպես նաեւ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ահաբեկչական ակտերի կազմակերպումը»: