Ուկրաինայի իշխանություններին չի հաջողվել կանխել մարդկանց մահը 2014 թվականի մայիսի սկզբին Օդեսայում տեղի ունեցած բողոքի ակցիաների և անկարգությունների ժամանակ, հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Հրշեջները, ոստիկանությունը և ուկրաինական այլ գերատեսչություններ խախտել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ չկարողանալով կանխել կամ դադարեցնել բռնությունը և չկարողանալով անել հնարավոր ամեն ինչ՝ այրվող արհմիությունների տանը մարդկանց փրկելու համար, վճռել է Ստրասբուրգի դատարանը։
Բացի դրանից, այդ իրադարձությունների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չի կազմակերպվել և չի իրականացվել, նշվում է բանաձևում։ Դատավորները եկել են միաձայն եզրակացության, որ Ուկրաինան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ամրագրում է կյանքի իրավունքը։ Մեկ դիմողի առնչությամբ հայտնաբերվել է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի 8-րդ հոդվածի խախտում։
Ուկրաինան պետք է հայցվորներին ընդհանուր առմամբ 114,7 հազար եվրո վճարի։ Խմբակային հայցը ներկայացվել է 28 տուժողների և մահացածի հարազատների անունից։
2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ու հրդեհների ժամանակ զոհվել է 48 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Ողբերգության զոհերի մեծ մասը եղել է այրված Արհմիությունների տանը, որի մեջ Մոլոտովի կոկտեյլներ են նետվել։ Հետաքննության տվյալներով՝ կազմակերպվել և ծրագրվել են զանգվածային անկարգություններ և բախումներ ռուսամետ և եվրոպամետ ակտիվիստների միջև։





























