ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և մի շարք արտասահմանյան ընկերությունների նկատմամբ՝ իրանական նավթի, մասնավորապես Չինաստան փոխադրման մեջ ներգրավված լինելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Փաքնեջադի վարչությունը նավթի զգալի ծավալներ է տրամադրում Իրանի զինված ուժերին, ներառյալ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և անվտանգության ուժերին։ «Իրանի ռեժիմը շարունակում է օգտագործել երկրի հսկայական նավթային ռեսուրսներից ստացված եկամուտները՝ առաջ մղելու իր վտանգավոր, նեղ, անձնական շահերը՝ ի հաշիվ Իրանի ժողովրդի», -հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս ֆոնին նշել է. «Մենք բախվում ենք խնդիրների, երբ կորցնում ենք մեր ակտիվները։ Ցանկացած ժողովուրդ, որը կախված է իր նյութական արժեքներից, մի օր կկործանվի, և այդ պատճառով մենք պետք է նայենք մարդկային կապիտալին, արտադրողներին, արվեստագետներին, վաճառականներին և գիտնականներին: Եթե մենք չխոչընդոտենք նրանց գործունեությանը, սպառնալիքներն ու պատժամիջոցները ոչնչի չեն հանգեցնի։ Ամերիկան ճնշում է մեզ վրա, քանի որ մենք մեզ կախվածության մեջ ենք դրել նավթից և գազից։ Եթե մենք արվեստ ենք ստեղծում և արտադրում, ոչ մի ուժ մեզ չի կարող կասեցնել»:





























