ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշը «խանդավառված է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կողմերի ձեռք բերած առաջընթացով և վճռականորեն աջակցում է նրանց ջանքերին՝ լուծելու բոլոր չլուծված խնդիրները՝ ի շահ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության»:
Չեռնոգորիան ևս վճռկանորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը։
«Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու համաշխարհային անվտանգության ապահովման գործում։ Չեռնոգորիան ակնկալում է ամրապնդել հարաբերություններն ու գործընկերությունը երկու բարեկամ երկրների հետ և սերտորեն աշխատել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության և տնտեսական բարգավաճման նպատակներին հասնելու համար»,- նշել են գերատեսչությունում։
Խորվաթիայի ԱԳՆ-ն իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ որպես Հարավային Կովկասում կայունության և հաշտեցմանն ուղղված կարևոր քայլ։
«Ողջունում ենք երկու կողմերին երկխոսության և խաղաղ կարգավորման իրենց հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում ընդլայնված համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման համար:
Որպես միջազգային իրավունքի և հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորման թունդ ջատագով, հավատարիմ ենք աջակցելու արդար և տևական խաղաղության հաստատմանը նպաստող բոլոր ջանքերին»,- նշել են ԱԳՆ-ում։





























