Ըստ էության, գյումրեցին որոշեց, թե ով պետք է այս ընթացքում ժամանակավորապես պաշտոնավարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ նշելով, որ ինքը չունի տեղեկություն, որ Գյումրիում վարչական լծակներ են կիրառվում ընտրություններին ընդառաջ:

«Վստահաբար կարող եմ ասել, որ մենք էս ճանապարհով 18 թվականից հետո չենք գնացել, եւ դա մեր ձեռքբերումներից մեկն է, մենք շատ վաղուց, 2018 թվականից հետո այս մեթոդները չենք կիրառում: Երեւանի ընտրություններում էլ եթե կիրառվեին, մենք այլ արդյունքներ կունենայինք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք մտավախութուն չկա, որ մյուս թեկնածուների մեջ կան այնպիսիք, որոնց ռեյտինգը ավելի բարձր է, պատգամավորը նշեց, որ ՔՊ-ի ժամանակավոր պաշտոնակատարը կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքներ  է գրանցել, օրինակ երկու թաղամասերի լուսավորություն, թափառող կենդանիների խնդիրն են լուծել:

Դիտարկմանը, թե բյուջեի գումարով է փաստացի տեղի ունենում քարոզարշավը, պատգամավորը նշում է, որ եթե ընտրությունն էլ չլիներ, ապա այդ աշխատանքները կատարվելու էին:

«Նա դուրս է գալիս փողոցներ, շրջում է մարդկանց հետ, նա իր ամենօրյա աշխատանքով է զբաղված, ոչ թե  նախընտրական խոստումի մեկնարկ էր, կամ գործողություն անել, քվե ստանալով կամ  կորզելով, այլ ունենք պաշտոնակատար, որը ի վերջո քաղաքապետ է, գործ պետք է անի, թե՝ ոչ:  Նա գույքագրում է խնդիրները եւ դրանց լուծում տալիս»,- ասաց նա: