Թբիլիսիի կենտրոնում, Ճավճավաձեի պողոտայում հրաձգության հետեւանքով սպանվել է «օրենքով գող» Մերաբ Սուխումցու եղբայրը՝ Լեւան Ջանգվելաձեն։ Այս մասին տեղեկացրել է Mtavari հեռուստաալիքը։

Սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։

Տեղեկացվել է, որ Ջանգվելաձեին կրակել են մեքենայից, երբ նա քայլում էր մայթով։ Մոտակայքում գտնվող եւս մեկ մարդ նույնպես վիրավորվել է։ Նա հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է «Новости-Грузия»-ն։

Լրատվամիջոցը գրել է, որ Լեւան Ջանգվելաձեն մի քանի օր առաջ արտերկրից ժամանել է Թբիլիսի եւ պահապանների ուղեկցությամբ շրջել քաղաքում։

Ջանգվելաձեների ընտանիքի ծանոթները TV Pirveli-ին ասել են, որ սպանությունը «ոչ մի կապ չունի» քրեական հեղինակությունների հարաբերությունների հետ: Նրանց խոսքով՝ հաշվեհարդարի պատճառը եղել է վեճը բիզնեսի գծով։

Մերաբ Սուխումցին համարվում է «աբխազական հանցավոր կլանի» առաջնորդը։ Ըստ որոշ տվյալների՝ նա մինչեւ վերջերս ապրում էր Իտալիայում։

2021թ. լրատվամիջոցները հայտնել են, որ Ջանգվելաձեն կոնֆլիկտի մեջ է եղել ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդ, նույնպես վրացի Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ։ Պատճառն իբր Վրաստանում Մերաբ Սուխումցու մերձավորներից մեկի սպանությունն էր։

Մինչ այժմ կալանավորվածների մասին՝ կապված Թբիլիսիի կենտրոնում հրաձգության հետ, չի տեղեկացվել։

Վրաստանի ՆԳՆ-ն քննություն է վարում միտումնավոր սպանության եւ զենքի անօրինական ձեռքբերման-պահման փաստերով։