Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2024 թվականի աշխատանքները:Հայտնում են դատախազությունից:
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականի ընթացքում 30 քրեական վարույթ՝ 75 անձի վերաբերյալ (2023 թվականին 30 վարույթ՝ 89 անձի վերաբերյալ), մեղադրական եզրակացությամբ հանձնվել են Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ: Նշված քրեական վարույթների թվում են՝
Արարատի մարզի Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Գ.Մ.-ի կողմից Արտաշատ համայնքի նախկին պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետ Վ.Բ.-ի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախկին նախագահ Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություններ, ապա փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը:
Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում և կառուցապատում իրականացրած ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից, անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի օժանդակությամբ, մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը (նախաքննության ընթացքում Ա.Կ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը):
Երևան քաղաքի Արաբկիր համայնքի ավագանու անդամների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և նախկին թաղապետ Հ.Շ.-ի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ վարույթը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փ.Յա.-ի կողմից, իր հետ փոխկապակցված անձանց հետ հանցակցությամբ, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթը:
Անդրադառնալով Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականին կատարված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է, որ, ի թիվս այլնի, դատախազները 2024 թվականին ձեռնամուխ են եղել առանձնակի բարդություն ներկայացնող՝ շուրջ 100 և ավելի դրվագներ ունեցող քրեական վարույթի (Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և այլ ենթադրյալ հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը) ուսումնասիրությանը և քննության առարկա հանդիսացող հանցավոր դրվագներից շատերի ընթացքը լուծելուն: Քրեական վարույթի ուսումնասիրության արդյունքում՝ դատախազի հանձնարարությամբ, 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների հատկանիշներով (այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի) նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նշված վարույթի շրջանակներում վերադաս դատախազի կողմից ձևավորվել է դատախազական խումբ, միայն դատախազական խմբի ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 33 հանրային քրեական հետապնդում: Դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում պարզվել է, որ միայն նշված վարույթով պետությանը և անձանց պատճառված վնասը, այս պահի դրությամբ, կազմում է շուրջ 350 միլիոն ԱՄՆ դոլար: Դատախազական պատշաճ հսկողության արդյունքում՝ արդեն իսկ որոշ դրվագներով առկա են պետությանը պատճառված վնասի մասով վերականգնումներ (օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է պետությանը. «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը):
Արամ Արամյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է՝ 30 միլիարդ 327 մլն 806 հազար դրամի վնաս:
Ներկայացնելով Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության 2024 թվականին կատարած աշխատանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատախազների կողմից դատարան է հանձնվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ (2023 թվականին՝ 26 անձի վերաբերյալ 8 քրեական վարույթ)։ Մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներով մեղադրյալներից 22-ին, բացի իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, մեղսագրվել է նաև դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 2024 թվականին դատարան հանձնված քրեական վարույթներով փողերի լվացման համար մեղադրվել է 15 անձ։
Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
Պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2024 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում դատարան է ներկայացվել պետական և համայնքային շահերի պաշտպանության 277 հայցադիմում: Ներկայացված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը՝ քաղաքացիական դատավարության կարգով կազմում է 6 միլիարդ 961 միլիոն 786 հազար դրամ, քրեական դատավարության կարգով գույքային հայցերով՝ 420 միլիոն 348 հազար դրամ:
2024 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 207 միլիոն 583 հազար դրամ հայցապահանջով 43 հայց:
2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ (նշված գույքերի շուկայական արժեքները մի քանի անգամ գերազանցում են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները):
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում կատարած աշխատանքի մասին խոսելիս՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործություններով 1228 քրեական վարույթ 1408 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 25-ը դատարան է ուղարկվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ:
2024 թվականի ընթացքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատարաններում ավարտվել է 707 գործ 790 անձի վերաբերյալ, որոնցից 550-ով 610 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և այս ոլորտում դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ըստ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վիճակագրական տվյալների՝ 2024 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված դեպքերի ավելի քան 28%-ը։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1,3%-ով նվազում. Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4,3%-ով:
Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:
Միջազգային-իրավական համագործակցության ոլորտում 2024 թվականին ուղարկվել է 365 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն (2023 թվականին՝ 311), ստացվել է 203 իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն: Ուղարկվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող և օտարերկրյա պետություններում հայտնաբերված անձանց հանձնելու մասին 34 միջնորդություն (2023 թվականին՝ 28): Ներկայացված հանձնման միջնորդություններից 10-ը բավարարվել է, 5-ը` մերժվել, 19-ը գտնվում է քննարկման փուլում, բավարարվել է նախկինում ներկայացված միջնորդություններից 8-ը, մերժվել՝ 8-ը:
Ներկայացնելով այս ոլորտում նախորդ տարում արձանագրված հաջողությունները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է դրանցից մի քանիսը՝
Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում՝ 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագիրը, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը: Արդյունքում, այս տարի կամ առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ և, նկատի ունենալով անդրազգային հանցավորության դեմ պայքարում «Եվրաջասթ»-ի իրավասության լայն շրջանակը, Եղիազար Ավագյանի խոսքով՝ հնարավորություն կունենանք քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել ավելի արդյունավետ համագործակցություն:
2024 թվականի ապրիլի 26-ին և 27-ին Եվրոպայի խորհրդի հետ համատեղ անցկացվել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 12 պատվիրակություն օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազություններից և միջազգային կազմակերպություններից:
2024 թվականի հոկտեմբերի 3-5-ը Երևանում կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 7 պատվիրակություն՝ 45 պատվիրակ ԱՊՀ անդամ 6 պետություններից և միջազգային կազմակերպությունից:
2024 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև 2025-2026 թվականների Համագործակցության մասին ծրագիրը:
Անդրադառնալով իրավական ապահովման ոլորտում 2024 թվականին իրականացված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, ի թիվս այլնի, կարևորել է քրեական վարույթներով պետությանը, համայնքին, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին և պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման նպատակով վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծումը:
Դատախազության ստորաբաժանումներից ստացված 12 զեկուցագրերի վերլուծության հիման վրա՝ կազմվել և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 11 միջնորդություն: Ներկայացված 11 միջնորդություններից 3-ը դեռ քննարկման փուլում են, 5-ի դեպքում կարգապահական վարույթ չի հարուցվել, 3-ի դեպքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է կարգապահական վարույթ, որոնցից 1-ի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին հայտարարվել է նկատողություն, 1-ի դեպքում՝ խիստ նկատողություն, 1-ի դեպքում դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտում կատարելու հիմքով դադարեցվել են:
Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում, Եղիազար Ավագյանի տեղեկացմամբ, հայտնաբերվել է 322 խախտում (2023 թվականին՝ 148):





























