Կիրակի օրը Պակիստանի հարավ-արևմուտքում անվտանգության ուժերի աշխատակիցների տեղափոխող ավտոբուսի մոտ ճամփեզրի ռումբ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 սպա, ևս 10-ը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի շրջանի Նաուշկի բնակավայրում, հայտնել է տեղի ոստիկանապետ Զաֆար Զամանին։
Ըստ նրա, պայթյունը մեծ վնաս է հասցրել նաև մոտակայքում գտնվող մեկ այլ ավտոբուսի։ Զոհվածներն ու վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Բելուջիստանի գլխավոր նախարար Սարֆրազ Բուգտին դատապարտել է հարձակումը:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, բայց կասկածն, ամենայն հավանականությամբ, կարող է ընկնել օրենքից դուրս հայտարարված Բելուջների ազատագրման բանակի վրա, որը մի քանի օր առաջ դարանից հարձակվել էր գնացքի վրա՝ պատանդ վերցնելով մոտ 400 մարդու:
Բելուջիստանը Պակիստանի ամենամեծ և ամենաքիչ բնակեցված նահանգն է։ Էթնիկ բելուջները երկար ժամանակ մեղադրում են կենտրոնական կառավարությանը խտրականության մեջ, ինչը Իսլամաբադը հերքում է:
Բելուջների ազատագրական բանակը կենտրոնական կառավարությունից անկախություն է պահանջում։





























