Երկրի պարենային եւ ոչ պարենային ապրանքների 60 տոկոսը ներկրվում է դրսից, 40 տոկոսը՝ Թուրքիայից: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը գյումրեցիների հետ հանդիպմանը ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Եթե մենք 37 տարի չունենք Քըրքորյանի պես գյումրեցի, որ գա ներդրում անի Գյումրի քաղաքում, ուրեմն պետությունը պետք է ստանձնի այդ պարտականությունը: Երկրի պարենային եւ ոչ պարենային ապրանքների 60 տոկոսը ներկրվում է դրսից, 40 տոկոսը՝ Թուրքիայից: Ուրեմն էս պետությունը չի՞ կարող նստի, մտածի, թե մեզ ինչ է հարկավոր: Պամպերսը դուք չեք արտադրում Հայաստանում, 1925 թվականին Կիրովականի քիմիական կոմբինատը արտադրում էր կարբիդ կամ էեկտրոդ, էդ էլ փակեցիք, 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում ՀՀ-ն արտադրում էր 110-120 տեսակի զենք-զինամթերք: Էսօր մենք պատերազմի շեմին կանգնած պետություն ենք, ու պատերազմի մեջ ենք, ի՞նչ ենք արտադրում: Բագրատյանը ասում էր՝ պատրոնի գործարանը դրեցինք, շատ լավ աշխատում էր, սնարյադներ էինք արտադրում, որ թուրքերը զարմացել էին, ինչի՞ չի գործում, ո՞ւմ եք սեփականաշնորհել: Միայն բանակը կարող է շուկա դառնալ հայ գործարարներին: Կոշիկի գործարան ունեինք Գյումրիում, բանակի սապոգներն ու կոշիկները ո՞վ է կարում, Չինաստանից եք բերո՞ւմ, կամ հագուստ ո՞վ է բերում, ո՞վ է մատակարարը, կտեսնեք որ նախկին ու ներկա չինովնիկներն են»,-ասաց նա:
Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ երկիրը կառավարվում է «անգլո-թուրքական» շների կողմից:
«Ինչ մնում էինձ վախեցնելուն, իմ տերը Աստված է, ես իրոք հավատքով եմ եւ մի բան գիտեմ, որ վախկոտությունը թերահավատության նշան է: Այո΄, սրբերը գնում էին նահատակության, եթե պետք է նահատակվել, ես պատրաստ եմ նահատակության, եւ ես բարձրաձայն ասում եմ՝ ով է մեզ կառավարում, ուր են մեզ տանում: Մենք խաղաղ ենք մնացել էս 70 տարին, որ ռուսների հետ էինք, հիմա սրանք ուզում են ռուսներին էստեղից քշեն, որ ո՞ւմ բերեն, թուրքերին, երբեք չի ստացվի »,-ասաց նա:











