Պերուացի ձկնորսին ողջ են գտել 94 օր բաց ծովում մնալուց հետո, շաբաթ օրը հայտնել է նավատորմի ներկայացուցիչը, երբ ձկնորսը դուրս է գրվել հիվանդանոցից իրեն պատուհասած փորձություններից հետո, հաղորդում է AFP-ն:

61-ամյա Մաքսիմո Նապան երեքշաբթի օրը փրկվել է իր փոքրիկ ձկնորսական նավով այն բանից հետո, երբ էկվադորյան նավը նրան նկատել է Պերուի հյուսիսում՝ Չիմբոտեի ափերի մոտ:

Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, որ ողջ է մնացել ծովում՝ սնվելով ուտիճներով, թռչուններով և կրիայով:

«Ես չէի ուզում մեռնել մորս պատճառով։ Ես երկու ամսական թոռնուհի ունեմ, կառչել եմ դրանից։ Ամեն օր մտածում էի մորս մասին»,- պատմել է Նապան։

Ձկնորսը ծով էր դուրս եկել դեկտեմբերի 7-ին Սան Խուան դե Մարկոնա նավահանգստից, սակայն եղանակային վատ պայմանների ու հոսանքների պատճառով շեղվել էր ուղուց։ Նրա փոքրիկ նավակը, որը ռադիոփարոս չուներ, հայտնվել էր բաց ծովում։

«Հրաշք է, որ գտել են հորս,- ասել է նրա դուստրը՝ Ինես Նապան RPP ռադիոկայանին։- Մեր ընտանիքը երբեք չի կորցրել նրան գտնելու հույսը»։