ԱՄՆ-ում մոլեգնող փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ակտիվ հետեւում ենք ուժեղ տորնադոներին եւ փոթորիկներին, որոնք մոլեգնում են Հարավի եւ Միջին Արեւմուտքի շատ նահանգներում՝ սպանելով 36 անմեղ մարդկանց»,- գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ աղետի զոհ են դարձել Ալաբամա, Արքանզաս, Միսուրի, Քանզաս, Միսիսիպի, Օկլահոմա եւ Տեխաս նահանգների բնակիչներ։

Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները տեղակայվել են Արքանզասում՝ աղետի հետեւանքները վերացնելու եւ տեղի իշխանություններին օգնություն ցուցաբերելու համար։