28.02.2025 թվականի դրությամբ, 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների համար պլանավորված 10 միլիարդ 431 միլիոն 201,200 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 10 միլիարդ 441 միլիոն 621,300 դրամ, կատարողականը՝ 100.1%։  Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին,  քաղաքապետարանի գործակարգավարական խորհդակցության ժամանակ ասաց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը:

«Գրեթե բոլոր վարչական շրջաններն իրենց պլանային առաջադրանքները կատարել են, միաժամանակ հայտնում եմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 2.3 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ համենայնդեպս այս երկու ամիսների համար գոհացուցիչ ցուցանիշ է. «Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ որոշակի դանդաղում ունենք շինարարական բլոկի հետ կապված, կարծում եմ նաև պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնենք բոլոր հնարավոր այն կետերում, որտեղ որ հնարավորություն ունենք ավել հավաքագրելու:

Ակնհայտորեն դիմումների քանակը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, բայց այնուամենայնիվ կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս տեմպով եթե շարունակենք, ոնց որ թե մեր հիմնական խնդիրները կլուծենք»,- ասաց նա: