Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը, որը շրջագայությունների ընթացքում տեղափոխվել էր վիեննական հիվանդանոց` սուր թոքաբորբ ախտորոշմամբ, խոստացել է իրեն ոտքի կանգնեցրած վիեննական հիվանդանոցի բժիշկներին նվիրված հատուկ համերգ կազմակերպել:

Լոնդոնում դեկտեմբերի 23-ին երգիչը լրագրողներին հայտնել է, որ դա իր կյանքի «ամենածանր ամիսն էր» եւ որ իր բախտը «անասելի կերպով բերել է»:

Ջորջ Մայքլը ներողություն է խնդրել իր բոլոր երկրպագուներից եւ խոստացել ելույթ ունենալ բոլոր նրանց առաջ, ովքեր չկայացած համերգների տոմսեր էին ձեռք բերել:

«Եւ ես կցանկանայի մեկ լրացուցիչ համերգ էլ տալ վիենացի բժիշկների պատվին, քանի որ վերջին տասը օրերին, այն օրվանից, երբ ուշքի եմ եկել,  մշտապես շնորհակալություն եմ հայտնել իմ կյանքը փրկած մարդկանց», - ասել է արտիստը:

Մայքլը խոստովանել է, որ դեռեւս թույլ է, բայց իրեն հիանալի է զգում: «Ես կյանքի ու մահվան սահմանագծին էի գտնվում, բայց այժմ ես միանգամայն նոր մարդ եմ», - ասել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 22-ին երգիչը դուրս է գրվել Վիեննայի հիվանդանոցից եւ իսկույն վերադարձել Բրիտանիա:

Հիվանդությունը գլուխ էր բարձրացրել դեռ մի քանի ամիս առաջ, սակայն Մայքլը շարունակել էր համերգային գործունեությունը: Վիեննայի համերգը հետաձգվել էր սկսելուց երկու ժամ առաջ, ինչից հետո ստիպված էր եղել հետաձգել նաեւ մինչեւ 2011թ. վերջ ընկած համերգները: