Ադրբեջանը հայտարարում է, որ նախապայման է սահմանադրության փոփոխությունը, այնուհետև առնվազն երկու պահանջ էլի կներկայացնեն, այսպես կոչված, ապառազմականացումը չորրորդն է: Կրակոցներով ինքը ցույց է տալիս, որ չէ, սրանով չես պրծել, դու դեռ պետք է տաս սա, սա, սա: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Ադրբեջանը սադրանքների գնալով հող է պատրաստվում ռազմական գործողությունների կամ էսկալացիայի համար:

«Այս իշխանությունները ստեղծված իրավիճակների համար ադեկվատ լուծումներ չունեն, որևէ լուծում չունեն, տալ, տալ, լավ, ինչքա՞ն տալ։ Ո՞րն է Ադրբեջանի կարմիր գիծը։ Իրենք գնացել են անվերապահ կապիտուլյացիայի, կարմիր գիծը էլ ո՞րն է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, որ համաձայնագրում բոլոր դրույթները փոխադարձության սկզբունքով են եւ վերաբերում են երկու կողմերին, Խաչատրյանն ասաց. «Այսինքն, մենք պետք է հայցերը հետ քաշենք, հա՞: Ադրբեջանը, որ ցեղասպանություն է իրականացրել Արցախի Հանրապետությունում, ի՞նչ պրետենզիա ունի մեր նկատմամբ։ Ինքը սկսեց պատերազմը 90-ականներին, ինքը սկսեց հայկական ջարդերը, ինքը շրջափակեց Հայաստանը, ինքը արցախցիների խաղաղ ցույցերին ի պատասխան կոտորածներ կազմակերպեց, այդ Ադրբեջանը մեր նկատմամբ ի՞նչ հայց ունի։

Նոյեմբերի 9-ի թղթով կար կետ, գերիները բոլորը բոլորի հետ փոխանակվում են, Հայաստանը բոլոր գերիներին, որ ուներ, ներառյալ այն թուրք երկու հանցագործներին, որոնք բռնվել էին Քարվաճառում 15 տարեկան երեխա սպանելու համար, հանձնեց, Ադրբեջանը էլի ինչ-որ մեր հայ գերիներ հանձնեց։ Բոլորին չի հանձնել:

Հիմա Ադրբեջանում գերիներ կան, երբ ասում են՝ ինչի չեք հանձնում, ասում է՝ դե ով ունեինք նոյեմբերի 9-ի դրությամբ հանձնել ենք, մնացածներն այդ հարցը չի վերաբերում: Սա նշանակում է, որ հիմա կարող է ինչ-որ հայցեր հետ քաշի, հետո ասի՝ դատական գործընթացի ընթացքում ի հատ են եկել նոր հանգամանքներ, այդ նոր հանգամանքներով մենք մտնում ենք դատարան: Ի՞նչ են ասելու սրան»: